Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Կենսաթոշակային դեգերումներ զեղծարարության ճահիճներում

Կենսաթոշակային դեգերումներ զեղծարարության ճահիճներում
23.10.2015 | 10:37

Որքան էլ տհաճ է կյանքիդ, սրտիդ ցավը քչփորելը, այն էլ` հրապարակայնորեն, այդ ողջ դժոխքը ծայրից ծայր վերապրելով, այնուհանդերձ, եթե կծիկի ծայրը հանել ես, ուրեմն այն պիտի կծկես մինչև վերջ։ Հատկապես, երբ արդարություն որոնելու ճամփին գալիս, դեմ ես առնում էլի նույն «ջրին» ու «ջրաղացին», այսինքն` նույն կամայականության շարունակությանը, նույն անտարբեր աշխատաոճին և անփույթ, փնթի ձեռագրին։ Երբ «Իրատեսի» թիվ 43-ում տպագրվեց իմ «Հոգնեցինք Դոն Կիխոտ լինելուց. մի՞թե արդար հատուցումը միայն գրքերում է լինում» հոդվածը, թերթի մեկական օրինակ ներքոբերյալ գրությամբ հունիսի 30-ին ուղարկեցի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին և Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին. «Յուրաքանչյուր անարդարություն, յուրաքանչյուր կամայականություն մեկ խոռոչ է, մեկ անցք` պետության նավի վրա։ Որպեսզի այն չսուզվի` պետական այրերի (հատկապես` ազնիվ և հայրենասեր) պարտքն ու կոչումն է ոչ միայն թույլ չտալ նման անցքերի շատացումը, այլև հմտորեն և սրտացավորեն նորոգել նախկին եղածները։ Դժվա՞ր է։ Չեմ կարծում, եթե պետական պաշտոնյան իր տեղում է։
Հուսամ, հայկական այն աբսուրդը, երբ մեռածները թոշակ են ստանում, իսկ կենդանի մարդիկ` ոչ, այս խնդրի լուծմամբ կհերքվի։ Իսկ խնդիրը` իր ողջ դաժանությամբ, անամոթությամբ, անպատժելիությունից կապերը կտրած լկտիությամբ` տպագրված հոդվածում»։
Քսան օր հետո սոցապնախարարությունից զանգում է մի տիկին և ասում, որ իմ գրությունից պարզ չէ, թե խոսքն ինչ խնդրի մասին է և ինչ թերթի հոդվածի։ Իմ ճշտմանը, թե «Իրատեսի» էջ ևս կար կցված գրությանը, ասաց, որ իրենք միայն գրությունն են ստացել` առանց թերթի։ Իմ կոշտ արձագանքին` դարձյա՞լ կեղծիք և կամայականություն, շտապեց հավաստիացնել, որ դա տեխնիկական վրիպում է, և իրենք անմիջապես կճշտեն այդ «վրիպումը»։
Վերահսկիչ պալատն էլ, թեպետ ժամանակին պատասխանել էր, սակայն «անհասկանալի» պատճառներով այն մեկ ամիս «քնել» էր Հայփոստում։
Ընդամենը այսքանը։ Այսինքն, ևս մեկ ապացույց, որ մեր երկրում ինչ ուզում ես ցանիր, միևնույն է` բուսածը կեղծիքի, անտարբերության, անարդարության և կամայականության փուշ է։ Պարզապես զարմանք է պատճառում այն հարցը, թե ինչո՞ւ են այդպես հովանավորում «Տոսպի» սեփականատեր Ռիմա Բեկիրսկային։ Այդ ի՞նչ ներքին գաղտնիքներ կան, որ այսպես խուլ ու համր են դառնում, չէ՞ որ իմ հոդվածում անձամբ դիմել էի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` ակնկալելով արդար լուծում։
Ովքեր ծանոթ են թոշակային այս ողջ խայտառակ պատմությանը, որը հրապարակել էինք «Իրատեսում», թող փորձեն կռահել, թե ինչ է ուզում ասել իր պատասխանում սոցապի պաշտոնյան ¥Սմբատ Սաիյանի անհեթեթ պատասխաններին տվեց անցավ այս վերջինը. տե՛ս պատասխան 1¤:
Ինչ վերաբերում է Վերահսկիչ պալատին, անկեղծ ասած, ուրիշ պատասխան չէի էլ սպասում, թեպետ նրանում փոքր-ինչ տրամաբանություն կա` ի տարբերություն սոցապի պատասխանի (տե՛ս պատասխան 2):
Չարամիտ անտարբերության և տգետ համառության առաջ մարդն ու մարդկայինը միշտ էլ անզոր են, և սա էլ այդ դեպքերից մեկն է։ ՈՒրեմն ի՞նչ անենք. ձեռքներս վե՞ր պարզենք այս համառ, անտանելիորեն երկար ձգձգվող հանցագործության առաջ, երբ օդում դավի հոտ ես զգում, երբ տեսնում ես հրացանի փողը, բայց թե այն ում ձեռքում է, չես տեսնում, այլ միայն կռահում ես, ինչպես կռահում ես այս ամենի հեռահար նպատակը. ժամանակ ձգել, չէ՞ որ խոսքը 69-ամյա կնոջ մասին է։
Անարդարության բռունցքի «շոյանքի» առաջին հասցեատերը չենք, բայց որպեսզի վերջիններից մեկը լինենք, դիմում եմ ՀՀ վարչապետին. պարոն Աբրահամյան, տեղյակ եղեք, որ Ձեր նամակների բաժնում թուղթ ու թերթի սիրահար երկոտանի կրծողներ կան, Ձեր սիրած արտահայտությամբ` «Ամեն ինչ արեք» նրանց բացատրելու համար, որ չի կարելի ամեն ինչ ուտել։ Իսկ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին հորդորենք. Համահայկական խաղերի ջահը ողջ աշխարհով վազեցնելու փոխարեն, ավելի պատվաբեր և ազգաշահ գործ կանեիք, եթե արդարության ջահը Հայաստանում պտտեիք։
Մեր երկիրն այդ ջահի կարիքն ավելի ունի։


Գայանե ԱԹԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1031

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ